Մահացել է Լիկա Քավժարաձեն
ԱշխարհԹբիլիսիում մահացել է վրացի հայտնի դերասանուհի Լիկա Քավժարաձեն: Նրա մարմինը հայտնաբերվել է Աբաշիձե փողոցում գտնվող իր բնակարանում: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մահվան փաստով քննություն է սկսել: Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ոստիկանության նախնական վարկածով՝ մահը բնական է: Ըստ aliq.ge-ի՝ դերասանուհին հոկտեմբերի 26-ին կդառնար 58 տարեկան:
Քավժարաձեն դերասանական կարիերան սկսել է 1972-ին, երբ նրան հրավիրել են «Քարթուլի փիլմի» (Վրացական ֆիլմ): Իր կարիերայի ամենասկզբից մինչ օրս Քավժարաձեն համարվում է վրաստանյան կինոմատոգրաֆիայի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը: Նա հայտնի է դարձել «Ցանկությունների ծառ» («Նաթվրիս խե») ֆիլմի շնորհիվ: Նրա հերոսուհի Մարիտան մարմնավորում է մաքուր գեղեցկությունը` դառնալով հասարակության զոհը: Քավժարաձեն իր կարիերայի ընթացքում 20-ից ավելի դեր է խաղացել: