Ինքնասպանության փորձ կատարած աղջնակը դուրս է գրվել հիվանդանոցից
ՀասարակությունՇաբաթ՝ հոկտեմբերի 14-ին, Երեւանում ինքնասպանության փորձ կատարած 11-րդ դասարանցի աղջիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
«Երեխան մեկ օր է պառկել հիվանդանոցում, հոկտեմբերի 14-ին ընդունվել է, ունեցել է թունավորում, սակայն վիճակը գնահատվել է միջին ծանրության, եւ անհրաժեշտ բուժում ստանալուց հետո հաջորդ օրը դուրս է գրվել՝ արդեն բավարար վիճակում»,- մեր հարցմանը պատասխանելով՝ տեղեկացրին «Մուրացան» կլինիկայից:
ՀՀ ոստիկանությունից էլ դեպքի առնչությամբ հայտնեցին, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 20:45-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դեղորայքային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 11-րդ դասարանի աշակերտուհի: Պարզվել է, որ նույնը օրը տանն ինքնասպանություն գործելու նպատակով նա խմել է տարբեր տեսակի դեղահաբեր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
16-ամյա աղջկա ինքնասպանության փորձի դրդապատճառները կպարզի քննությունը: Առայժմ, ըստ մեր տեղեկությունների, նա ընդամենը ասել է, որ չի ցանկանում ապրել:
Ընդամենը մեկ ամիս առաջ դարձյալ երեխայի ինքնասպանության փորձ էր գրանցվել: Արմավիրի մարզի գյուղերից մեկում ապրող 13-ամյա տղան որոշել էր կախվել: Բարեբախտաբար, այս դեպքում էլ հնարավոր էր եղել փրկել նրա կյանքը: Ավելի ուշ երեխան բացատրել էր, թե ուզում էր կատակ անել: