Սա վերջն է. անակնկալն առջեւում է
ՔաղաքականությունԼրագիր / Հայ-ռուսական հավերժ բարեկամության նահատակներից մեկը՝ Դեմկուսի նախագահ Արամ Գասպարիչ Սարգսյանը, ասել է, որ իրենք դեռ ամբողջությամբ չեն ծանոթացել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, բայց դեմ են դրան, քանի որ դա սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Եվրամիությունն էական քայլ կատարեց՝ հրապարակելով այդ համաձայնագրի տեքստը, ի տարբերություն 2013-ի, այդպիսով բացառելով մանիպուլյացիաները եւ կեղծ տեղեկատվության տարածումը: Տեքստը հրապարակված է, մարդիկ կարող են ծանոթանալ եւ գնահատել՝ այն վտանգավոր է Հայաստանի համար, թե ոչ:
Այս առումով, տեքստի հրապարակումը հարված էր Հայաստանի պրո-ռուսական տարրերին ու ագենտուրային, որոնց քարոզչական հենքը մանիպուլյացիան ու կեղծ տեղեկատվությունն է:
Հիմա, դատելով Գասպարիչի հայտարարությունից, նրանց մնացել է ամենազավեշտալի «հակափաստարկը»՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը: Սա, ինչպես ասում են, վերջն է՝ պրո-ռուսական ուժերին հանկարծ հետաքրքրել է Հայաստանի ինքնիշխանությունը:
Ճիշտ է, նրանք առայժմ ինքնիշխանություն ասելով հասկանում են Ռուսաստանին Հայաստանի ոտքով-գլխով հանձնվելը, սակայն ինքնիշխանությունը վտանգավոր «վիրուս» է, ու մի օր էլ կարող է արթնանալ պրո-ռուսական ուժերի ինքնիշխան արժանապատվությունը, եւ նրանք սկսեն խոսել արդեն իրենց քաջածանոթ հայ-ռուսական ու եվրասիական համաձայնագրերից:
Այդ իմաստով, Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ունի նաեւ «հարակից» դրական էֆեկտ: Իսկ ընդհանուր առմամբ, դա համաձայնագիր է այն մասին, որ Հայաստանը ոչ թե թյուրք-եվրասիական, այլ եվրոպական քաղաքակրթության մաս է, ինքնիշխան պետություն: