Կաշառք վերցրած դատավորը ազատազրկվեց 8 տարով
ՔաղաքականությունԼոռու ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 4-ին, դատական կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Լոռու ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման: NEWS.am-ի հետ զրույցում վերջինիս պաշտպան Կարեն Թումանյանը նշել է, որ համաձայն չէ դատավճռի հետ՝ այն որակելով անարդար դատական ակտ: Նա նշել է, որ այն բողոքարկելու է:
Հիշեցնենք, ՀՀ Լոռու ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից, զբաղեցնելով ՀՀ Լոռու ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելով, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 20.000 դոլար կաշառք։