Ազատ, թափանցիկ ռազբորկաներ
ՀասարակությունԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, թե ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ, արդար եւ թափանցիկ, այդ թվում` նաեւ Էջմիածին քաղաքում։
«ՉԻ» - Տիգրան Մուկուչյանը միանգամայն իրավացի է։ Էջմիածնում թեկնածուներն իսկապես ազատ էին միմյանց ծեծելու եւ միմյանց վրա կրակելու հարցում։ Ավելին` պայքարը միանգամայն արդար էր, եւ ամեն ինչ շատ արդար ավարտ ունեցավ` ովքեր ուժեղ էին, տփեցին։ Այսինքն` այնպես չէ, որ կողմերից մեկը տփեց, բայց հաղթանակը շնորհեցին մյուս կողմին։ Եվ իհարկե` ամեն ինչ միանգամայն թափանցիկ էր։ Ամեն ինչ տեղի էր ունենում օրը ցերեկով, քաղաքացիների աչքի առաջ։
Հարց է ծագում` ժողովրդավարակա՞ն էին արդյոք ընտրությունները։ Իհարկե։ Էջմիածին քաղաքում թեկնածուների բանավեճը մեծ ժողովրդականություն էր վայելում. հատկապես եզրափակիչ մասը, որն ուղեկցվեց ծեծուջարդով ու կրակոցներով։ Այնպես որ` քաղաքակիրթ աշխարհը շատ բաներ ունի սովորելու մեզանից։