Հայ-բելառուսական համատեղ անտառ կստեղծվի
ՏնտեսությունՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է անտառների կառավարման հանրապետական ունիտար «Բելգոսլես» ձեռնարկության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը եւ անտառների պահպանմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ նախանշել առաջիկայում նախատեսվող համատեղ ծրագրերը:
Առանձին անդրադարձ է կատարվել հայ մասնագետների ներգրավմամբ Հայաստանի անտառտնտեսությունների զարգացմանը, անտառշինարարության իրականացմանը, ինչպես նաեւ Բելառուսում հայ մասնագետների վերապատրաստմանը:
Քննարկվել է նաեւ Հայաստանում անտառաշինություն իրականացնող կազմակերպության հիմնման, անտառային ճանապարհների, որսորդական տնտեսությունների նախագծման եւ այլ նախագծային աշխատանքների կազմակերպմանը բելառուսական կողմի աջակցության հնարավորությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականի գարնանը Վանաձոր քաղաքին հարող մոտ 15 հեկտար անտառային հողերի վրա երկու երկրների Գյուղատնտեսության նախարարությունների համատեղ ջանքերով հայ-բելառուսական բարեկամության անտառի ստեղծման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: