Ինչ արժեքով է վաճառվում iPhone X–ը Երևանում
LifeApple ընկերության iPhone X սմարթֆոնը նոյեմբերի 3-ից վաճառքում է։ Աշխարհի տարբեր անկյուններում հարյուրավոր մարդիկ օրերով հերթ են կանգնել, որպեսզի առաջինը գնեն նոր մոդելը, որի համար ընկերությունը սահմանել է 999 դոլար արժեքը։
Հայաստանում ևս կան ընկերության մոլի երկրպագուներ, որոնք անհամբերությամբ սպասում են սմարթֆոնի վաճառքին։ Թեև Հայաստանում հերթեր չեն գոյանում, հեռախոսների խանութների աշխատակիցները պնդում են, որ առաջին օրերին կան մարդիկ, ովքեր պատրաստ են կրկնակի վճարել բաղձալի սմարթֆոնը ձեռք բերելու համար։
Tert.am Life–ը հետաքրքրվել է, թե ինչ արժեք ունի շատերի համար երազանք դարձած սմարթֆոնը Հայաստանում։
Երևանի խանութների զգալի մասում դեռևս չկա iPhone X։ Հեռախոսավարները նշում են, որ նոր սմարթֆոնը վաճառքում կլինի շուտով, թե ինչ գնով, դեռևս չեն հայտնում։ Այնուամենայնիվ, Երևանում արդեն կան հատուկենտ խանութներ, որոնք վաճառում են նոր մոդելը։
iPhone X 64GB հիշողությամբ հեռախոսը այս պահին Հայաստանում վաճառվում է 729.000 և 757,000 դրամով։ Գների տարբերությունը պայմանավորված է խանութի ընտրությամբ։
Ինչ վերաբերում է iPhone 8–ին և iPhone 8 plus–ին` տարբեր խանութներ առաջարկում են տարբեր արժեքներ։
iPhone 8–ը 64GB հիշողությամբ վաճառվում է 384.000, 395 000, 418.000, 449.900 դրամով` կախված խանութից։
iPhone 8 plus–ը` 64GB հիշողությամբ վաճառվում է 445.000, 449.000, 465.000, 504.900։ Այս դեպքում ևս գնային տարբերությունը պայմանավորված է խանութի ընտրությամբ։