Սամվել Կարապետյանը փոշմանե՞լ է
Սպորտ1in.am / Նախօրեին Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում, ինչպես նաև ակումբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր զետեղվել, որի համաձայն այս տարվա դեկտեմբերից թիմին հովանավորչական աջակցություն կցուցաբերի ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Հնարավոր է, «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր», նշված էր հայտարարության մեջ:
Նշվում էր նաև, որ հովանավորչական այս հզոր ներդրումը կնպաստի Հայաստանի չեմպիոնի առաջընթացին և լավ նախադրյալներ կստեղծի, որպեսզի հայկական ակումբն առաջիկայում մրցունակ ելույթներ ունենա եվրոպական մրցասպարեզում և բարձր արդյունքներ արձանագրի ՝ ուրախացնելով երկրպագուներին:
Հասարակության շրջանում խոսակցություններ էին շրջանառվում, որ «Տաշիր Գրուպը» պատրաստվում է «Ալաշկերտը» դարձնել սուպեր-ակումբ, որն ի զորու կլինի մարտահրավեր նետել Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղին»:
Այսօր, ոգևորության մեծ ալիք բարձրացրած հայտարարությունն անհետացել է, թե «Ալաշկերտի» պաշտոնական կայքից և թե ֆեյսբուքյան էջից: Ակնհայտ է, որ հայտարարությունը չէր կարող ինքն իրեն անհետանալ: Տեղի ունեցածը խոսում է, այն մասին, որ Սամվել Կարապետյանի «Ալաշկերտ» ակումբի հովանավոր դառնալու հետ կապված խոչընդոտներ են առաջացել:
Նույնիսկ խոսվում է, որ Սամվել Կարապետյանը ետ է կանգնել «Ալաշկերտի» հովանավորը դառնալու մտադրությունից: