Գլենդելում 2 հայ կանայք են ազատազրկվել
ԱշխարհԳլենդելում 2 հայ կանայք՝ մայր և դուստր, պայմանական ազատազրկման են դատապարտվել մահվան ելքով ՃՏՊ-ի համար։ Դատարանը նրանց պարտավորեցրել է նաև տուգանք վճարել՝ 81-ամյա Մարտիրոս Հարությունյանին վրաերթի ենթարկելու համար։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա ապրիլի կեսերին, երբ տղամարդն անցնելիս է եղել փողոցը թույլատրված հատվածով։ Հետիոտնին հարվածելուց հետո վարորդը դիմել էր փախուստի, հայտնում է Glendale News-Press–ը։
Հետաքննությամբ պարզվել է, որ մեքենան վարել է 67-ամյա Գոհար Դավթյանը։ Այնուհետև Գոհարին և նրա 41-ամյա դստերը՝ Ալինա Դավթյանին կալանքի տակ էին վերցրել։ Ալինան մեղադրվում է հանցակցության և կեղծ ապահովագրական հայց ներկայացնելու մեջ։
Դատարանը Գոհար Դավթյանին դատապարտել է 3 տարվա փորձնական շրջանի, 720 ժամ հասարակական աշխատանքի և 300 դոլար տուգանքի։ Նրա դուստրը նույնքան տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել, բացի այդ, ստիպված կլինի 30 օր հանրային աշխատանք կատարել և 3000 դոլար տուգանք վճարել։