«Սրանց գլխին Ստալին ա պետք»
Քաղաքականություն«Երբ Վերահսկիչ պալատի նախագահը հանդես է գալիս Ազգային ժողովում, մարդ զարհուրում է, բայց ես հլա չեմ տեսել, որ մեկին գնդակահարեն, կախաղան բարձրացնեն։ Օրենքի հումանիտար վերաբերմունքը այդպիսի մարդկանց նկատմամբ թողտվություն է ստեղծել», հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։
«ՉԻ» - Փաստորեն պատճառը Հայաստանի օրենքներն են։ Դրանք, հասկանում եք, շատ են մարդասիրական եւ բյուջեն թալանելու համար ոչ գնդակահարություն են նախատեսում, ոչ կախաղան։ Դրա համար էլ մարդիկ գողանում են։ Հետաքրքիր է` իսկ Համլետ Հարությունյանը տեղյա՞կ է, որ մեր օրենքները, ճիշտ է, գնդակահարություն ու կախաղան չեն ենթադրում, բայց բյուջեն թալանողների համար մի 10-15 տարվա ազատազրկում նախատեսում են։ Ու թարսի պես` իշխանության վերին օղակներից դեռ ոչ մեկին այդքան տարով չեն նստացրել։
Այնպես որ` խնդիրը մեր օրենքների չափազանց հումանիստական լինելը չէ։ Խնդիրն այն է, որ մեր օրենքները չեն գործում։ Տեսնես ո՞վ է դրա պատասխանատուն։