Փոխադարձ քրֆոցներ
Հասարակություն«Հրապարակ»-ը գրում է․
Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որն Էջմիածնում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում աջակցում էր թեկնածուներից Արթուր Թումանյանին եւ քննադատական հարցազրույցներ էր տալիս իր հորեղբորորդի Մանվել Գրիգորյանի եւ նրա որդու մասին, այս օրերին գերադասում է լռել: Մենք մի քանի անգամ զանգահարեցինք նրան՝ ճշտելու նրա վերաբերմունքն այն հանգամանքին, որ իր արյունակիցը՝ Կարեն Գրիգորյանը, օրերս դաժան ծեծի է ենթարկել իր ընկերոջը՝ Թումանյանին, սակայն նա մեր հարցը լսելուն պես անջատեց հեռախոսը:
Արթուր Թումանյանը, մինչ իր ծեծի ենթարկվելը, մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե Զարզանդ Գրիգորյանին սատարել է գյուղապետ ընտրվելու ժամանակ, այժմ էլ եկել է պահը, որ իր վաղեմի ընկերն իրեն սատարի: Մեզ հետ զրույցում Թումանյանն ընկերոջ լռությունը մեկնաբանեց այսպես. «Դե, երեւի վախում է, չեմ կարող ասել»: Թումանյանն ասաց, որ ծեծկռտուքից հետո ինքն ու Զ. Գրիգորյանը հանդիպել են, վերջինս Կարեն Գրիգորյանի արարքը որակել է կոպիտ խոսքերով: «Նա նրան ա քֆրտում, էն էլ՝ նրան: Դրանցից ո՞վ ա գլուխ հանում»,-ասաց Թումանյանը: Նշենք, որ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, որի եղբորորդին նույնպես սեպտեմբերի 16-ին Թումանյանի հետ միասին ծեծի էր ենթարկվել, հայտարարել էր, թե պետք է կողմերը հաշտվեն, եւ տեղի ունեցածը չպետք է վենդետայի վերածվի:
Մեր հարցին, թե իր առաջարկին ինչպես են Թումանյանն ու իր եղբորորդին արձագանքել, հաշտություն տեղի՞ է ունեցել, Աբգարյանը պատասխանեց. «Ինձ առանձնապես դա չի հետաքրքրում, ես բացարձակ չեմ խառնվում, չգիտեմ: Ես ընդամենն իր կարծիքն եմ հայտնել, մնացածն իրենց խնդիրն է»: Նա միաժամանակ հավելեց, որ կոնկրետ Ստեփան Աբգարյանը, որն ընտրվել է ավագանու անդամ, պատրաստ է հաշտվել Գրիգորյանների հետ, եթե հաշտության ձեռք մեկնեն իրեն: Իսկ մյուս կողմը՝ Թումանյանը, կհաշտվի, թե ոչ՝ դա Էջմիածնի նախկին քաղաքապետին չի հետաքրքրում: Տպավորութուն ստացանք, որ Թումանյանի եւ Աբգարյանի հարաբերությունները վերջին դեպքերից հետո լարվել են, սակայն վերջինս ասաց, որ մինչ այդ էլ առանձնապես սերտ շփումներ չի ունեցել նրա հետ եւ այժմ էլ նորմալ հարաբերություններ ունի, «բայց որ ասեմ ընկերներ ենք՝ չէ»: