«Վերջը ի՞նչ ենք անում, վերջը ասեք»․ վարչապետը՝ Կադաստրի պետին
ՔաղաքականությունShame.am-ը գրում է․
Երբ կառավարությունում առաջին նիստի ժամանակ նորանշանակ վաչապետը հերթով ականջ էր դնում նախարարների զեկույցներին, կես ժամ անց Կարապետյանի ջղերն այլևս չդիմացան, և նա դիտողություն արեց, որ խոսեն ավելի լակոնիկ, մտքերը ձևակերպեն հնարավորինս կարճ ու ամփոփ: Բայց, ինչպես տեսնում ենք, նկատողություն անելը դեռևս հարցի լուծում չէր:
Նույն պատկերը կրկնվեց նաև այսօր: Վարչապետը կրկին մի քանի անգամ կառավարության նիստում ստիպված էր զեկուցող պաշտոնյաներին հորդորել կարճ խոսել: Իսկ երբ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը սկսեց երկար զեկուցել նախագծերից մեկը, վարչապետը զայրացավ: «Պարոն Սարգսյան, ձեր հարցի զեկույցը բյուջեի զեկույցից երկար եղավ, վերջը ի՞նչ ենք անում, վերջը ասեք»,- նրան ընդհատեց Կարեն Կարապետյանը: Սա էլ ազդեցություն չգործեց: Վարչապետը նույն կերպ թեման հակիրճ ներկայացնելու դասեր տվեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:
Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը հետզհետե առնչվում և մերձենում է հայկական իրականության հետ: Հիմա նա գոնե արդեն գիտի, որ այստեղ գործերն առաջ չեն գնում, քանի որ մարդիկ սովորել են իրենց թերացումները քողարկել երկար-բարակ ճամարտակությունների թիկունքում: Շատ խոսելը դարձել է գլխավոր զբաղմունքը: Եվ որքան առատ է բառերի հոսքը, այնքան դատարկ է դրանց էությունը: Իսկ թե վերջն ինչ ենք անելու, այդ մասին ոչ ոք հստակ չգիտի: