Ինչպես է ադրբեջանցի սպայի դիակը հայկական կողմը փոխանցում Ադրբեջանին. լուսանկարներ
ՔաղաքականությունՆոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին։
Այս մասին տեղեկություններ հայտնվեցին նախ ադրբեջանական ԶԼՄ-ներում: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հաղորդագրություն տարածեց, որտեղ հաստատվում էին տեղեկությունները: Պաշտպանության նախարարությունը նաեւ լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում են ստորեւ.
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի: