«Ես ոչ թե հին եմ, այլ հինավուրց, բայց իմ ջահելության գաղտնիքը գինին է». Ռուբեն Հախվերդյանը դարձավ 67 տարեկան. սիրելի արտիստի ամենալավ մտքերը
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, ծնվել է հայտնի երգահան, երգիչ, հասարակական գործիչ Ռուբեն Հախվերդյանը: Հայաստանում հեղինակային երգի ամենավառ ու սիրված ներկայացուցիչն այսօր դարձավ 67 տարեկան:
Հախվերդյանը ծնվել է 1950 թվականին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանի եւ բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։
1969-1974 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։ Հայտնի է իր «Հիսունից հետո», «Մեր սիրո աշունը», «Երեւանի գիշերներում», «Ծեր գնչուն» եւ այլ հեղինակային հիթերով:
Նրա ծննդյան կապակցությամբ NEWS.am STYLE-ը ներկայացնում է մի քիչ կամակոր, մի քիչ՝ փնթփնթան, բայց անչափ տաղանդավոր, մեր բոլորի սիրելի Ռուբեն Հախվերդյանի մտքերը.
«Ես կարող եմ օրը 10-20 երգ գրել, սակայն դրանք երկար չեն ապրի: Մեծ դժվարությամբ են ստեղծվում երգերը, որոնք ունեն ոչ միայն երաժշտական, այլեւ բանաստեղծական արժեք»:
«Ես գիտեմ, որ դուք շատ եք սիրում «Մեր սիրո աշունը», բայց դա այն երգն է, որը ես չեմ սիրում»։
«Ես ոչ թե հին եմ, այլ հինավուրց, բայց իմ ջահելության գաղտնիքը գինին է։ Օրական մեկ գավաթ գինի խմեք։ Նաեւ այն է, որ ինչ անում ես, պետք է հոգով ու սրտով անես, այլապես՝ ոչ մի բան չի ստացվի»:
«Ժողովուրդը երբեք չի հաղթում, միշտ հաղթում են սրիկաները, բայց այդ հաղթանակը նրանց պարտությունն է»:
«Մեր հասարակությունը բաժանված է երկու մասի. մեծամասնություն՝ աղքատ, եւ փոքրամասնություն՝ շատ հարուստ»:
«Ես արդեն 20 տարեկան չեմ, ես արդեն 60 տարեկան եմ, եւ թոռներս մեկ-մեկ գլխիս խփում են»։
«Ես, օրինակ, երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ կուզենայի Ավստրալիայում ապրել ու թութակներին նայել գույնզգույն»։