Բժիշկը Երեւանում բացառիկ վիրահատություն է կատարել՝ պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան (լուսանկարներ)
ՀասարակությունՎերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի պրոֆեսոր Արա Դրամփյանն արտառոց վիրահատություն է կատարել՝ հեռացնելով կնոջ արգանդի հսկայական միոման, առանց արգանդը հեռացնելու։ Այսկերպ նա պահպանել է դեռ զավակ չունեցող կնոջ վերարտադրողական ֆունկցիան։
Մինչ Արա Դրամփյանին դիմելը, կինը շատ բժիշկների մոտ է եղել, եւ բոլորը միաձայն պնդել են, որ բուժման միակ մեթոդը արգանդի հեռացումն է: Կնոջ արգանդի միոման չափերով մոտավորապես համապատասխանում էր 8 ամսեկան հղիության։
Բժիշկ Արա Դրամփյանը որոշել է ռիսկի դիմել, թեպետ գիտակցում էր, որ սպասվում է արտառոց եւ ծայրահեղ բարդ վիրահատություն, որը կարող է ուղեկցվել կյանքին սպառնացող արյան կորուստով եւ ինֆեկցիոն բարդություններով: Հսկա չափսերի միոման պահանջում էր ոչ ավանդական մոտեցում:
Արյան կորուստը նվազեցնելու նպատակով (մինչեւ միոմայի հեռացնելը) կապվել են խոշոր անոթները (aa.iliaca interna-ները), ինչից հետո միայն հեռացվել է հսկայական միոմատոզ հանգույցը (3 կգ քաշով):
Վիրահատությունը եւ հետվիրահատական շրջանը ընթացել են հարթ եւ հիվանդը դուրս է գրվել հետվիրահատական 4-րդ օրը:
Պետք է նշել, որ խոշոր անոթների կապումը սովորաբար իրականաացվում է հետծննդյան արյունահոսութունների ժամանակ անոթային վիրաբույժների կողմից, բայց Արա Դրամփյանի փորձը եւ հմտությունը թուլ տվեցին կատարել նաեւ այդ միջամտությունը: