Ուկրաինայի իշխանությունները ձերբակալեցին Սաակաշվիլիին
ԱշխարհՈւկրաինայի իշխանությունները ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:
Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը և դատախազությունը խուզարկել են «Նոր ուժերի շարժման» առաջնորդի՝ Կիևում գտնվող բնակարանը, թե ինչ հիմքով՝ իրավապահները դեռ չեն պարզաբանում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խուզարկության ժամանակ Սաակաշվիլին գտնվել է 8 հարկանի շենքի տանիքում, որտեղից անվտանգության ուժերը նրան բռնի ուժով իջեցրել ու նստեցրել են մեքենան:
Տեսանյութերում երևում է, որ Սաակաշվիլիի տասնյակ աջակիցներ փորձել են խոչընդոտել՝ արգելափակելով մեքենայի ճանապարհը:
Երկու օր առաջ Սաակաշվիլին աջակիցների հետ զանգվածային բողոքի ցույց էր կազմակերպել Կիևում՝ պահանջելով նախագահ Ուկրաինայի Պետրո Պորոշենկոյի հրաժարականը: Ավելի վաղ՝ անցած ամիս, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե ընդդիմադիր առաջնորդը հեղաշրջում է ծրագրում երկրում՝ արտաքին ուժերի աջակցությամբ:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Սաակաշվիլին հայտարարում էր, որ Պորոշենկոն պատրաստվում է ձերբակալել իրեն և անձամբ նման հրահանգ է տվել Լուցենկոյին: