Գյումրիում թիվ 24 երթուղու վարորդները կես ճամփին իջեցնում են ուղևորներին
Հասարակություն«Ասպարեզ»-ը գրում է․
Այն, որ Գյումրիում ուղեւորներն ամբողջությամբ վճարում են, սակայն չեն հասնում վերջին կանգառ ու ստիպված իջնում են, որտեղ մատնացույց անի վարորդը, ամենեւին էլ նորություն չէ: Վարորդն է երբեմն որոշում երթուղու վերջին կանգառը եւ աշխատանքն ավարտած համարում: Վարորդներն այս հարցի պատասխանն ունեն` մտածում են մեքենաների մասին, քանի որ ճանապարհներն անբարեկարգ են, մյուս խնդիրը ուղեւորների պակասն է. 1-2 ուղեւորի դեպքում հարկ չեն համարում մի քանի մետր ավել վարել ու հասնել վերջին կանգառ:
Այս անգամ վարորդներից եւ երթուղուց հերթական դժգոհողը բնակվում է Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցում, հաճախ է օգտվում թիվ 24 միկրոավտոբուսային երթուղուց:
Պատմում է, որ մի քանի ամիս առաջ անհամեմատ վատ է աշխատել երթուղին, բնակիչների բողոքներից հետո հարցը որոշակիորեն կարգավորվել է: Սակայն, բնակչի խոսքով, 1-2 ամիս է` նորից նույն վիճակն է ստեղծվել. «դեռ մի բան էլ ավելի վատ»,-ասում է քաղաքացին ու նշում, որ երթուղին չի հասնում վերջին կանգառ, «Արագ սննդի» կետից հետո ետ է վերադառնում:
Փաստորեն, ուղեւորները ստիպված ոտքով են հասնում վերջին կանգառ, բայց եւ վճարում են ամբողջությամբ:
Գյումրիում թիվ 24 միկրոավտոբուսային երթուղու սկզբնակետը հաղթանակի պողոտան է, իսկ վերջնակետը` ապակու գործարանը:
«Ասպարեզ»-ի հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը խոստանում է, որ հարցը կկարգավորեն, վարորդներին կզգուշացնեն ու այսուհետ վերջին կանգառը կլինի ապակու գործարանը:
Պաշտոնյան նաեւ փոխանցում է, որ միկրոավտոբուսներում փակցված է թեժ գծի հեռախոսահամար, ցանկացած դժգոհող քաղաքացի կարող է բողոքը փոխանցել հեռախոսազանգի միջոցով: