Մտերմիկ զրույց վարչապետի հետ
Հասարակություն
Հարգելի պ-ն Կարապետյան, մեր անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված զորահանդեսը չցանկացա դիտել, քանզի ակնհայտ էր, որ Երևանի փողոցներով ռուսական հրթիռները պտտելու միտումը ամենևին Հայաստանի ինքնիշխանության փաստումը չէր: Դա լոկ ՆԱՏՕ-ին ուղղված, ՀՀ-ում ռուսական ուժի առկայության ցուցադրում էր… Առանց հաճոյանալու պետք է ասեմ (թեկուզ վարչապետին «չափավոր հաճոյանալուց» դեռ ոչ ոք չի տուժել), որ այդ օրերի միակ մխիթարանքս մեր հասարակության կողմից Ձեր անձնական հատկություններին տրվող դրական գնահատականներն էին: Լոմբրոզոյական դեմքերի շարքում կիրթ և գրագետ պետական այր տեսնելը մեզ համար արդեն ճոխություն է: Ձեզ ՀՀ վարչապետ նշանակելը թեկուզ հրահանգված էր Մոսկվայից, այդուհանդերձ, կարծում եմ, որ Դուք ի զորու եք հայ-ռուսական հարաբերություններում ՀՀ շահը գերակա պահել: Վահագն Կոզմոյան Ժամանակին բրիտանական հատուկ ծառայությունները մեծ հույսեր էին կապում Մահաթմա Գանդիի հետ, համոզված լինելով, որ կկարողանան նրա գործունեությունը վերահսկել և ուղղորդել ի շահ Անգլիայի: Բայց նա ոչ միայն շրջանցեց կայսրության նպատակը, այլև կարողացավ գաղութատիրությունից ազատագրել Հնդկաստանը: Ի ուրախություն մեզ, ներկայիս մեր երիտասարդությունը որդեգրել է պայքարի գանդիական գործելակերպը՝ «պայքար առանց բռնության», որի արդյունքում պարբերաբար բարձրացող ժողովրդական ընդվզումները մայդանի չեն վերածվում: Պ-ն վարչապետ, Մոսկվան Ձեզանից ակնկալում է ՀՀ ներկայիս բարձրաստիճան իշխանավորների նահանջի ապահովում, և նոր, բարեկիրթ ռուսահպատակներով կառավարության համալրում, իսկ Ղարաբաղում՝ քրեաօլիգարխիկ կլանի վերջնական ձևավորում, որը կգերադասի Արցախը տեսնել կոռումպացված ՌԴ կազմում: Ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն, որ Ձեր օրոք, 2017թ-ին անցկացվելիք ընտրապայքարը կլինի պակաս անարդար, կարիքավորները չեն բացառում, որ գործարարի Ձեր փորձը կարող է բարելավել երկրի տնտեսական վիճակը…, թե ինչ կակնկալեն Եվրամիությունը, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և թվով քանիսն են ակնկալողները դա էական չէ… Ձեր անվրդով, պահվածքից կարելի է ենթադրել, որ Դուք ամենը ավելի հստակ եք տեսնում, որ այդ բոլորն ի վերջո բերելու են երկու տարբերակի. կամ ժիրայրսեֆիլյանական, կամ զորիբալայանական Հայաստանի… Մենք մեր ընտրությունն արել ենք, հերթը Ձերն է:
Վահագն Կոզմոյան, aravot.am