Հացը կթանկանա՞
Տնտեսություն«Փաստ» օրաթերթ
Հացի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 226,8 հազար տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,4%–ով: 2016 թ.–ի նույն ժամանակահատվածում արտադրվել է 232,4 տոննա հաց:
Արտադրության ծավալների կրճատման մասին փաստում են նաեւ հացի արտադրությամբ զբաղվողները:
«Ուրարտու–Ադելինա» հացի արտադրամասում այս տարի նախորդի համեմատ 20%–ով արտադրությունը պակասել է:
Արտադրամասի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը հացի արտադրության ծավալների կրճատման մի քանի վարկած է մատնանշում:
Առաջին պատճառներից մեկը հացի արտադրամասերի թվի ավելացումն է համարում: Հացի արտադրամաս բացելու եւ բիզնես սկսելու համար մեծ ներդրումներ պետք չեն, ինչն էլ այսօր բերում է նրան, որ գրեթե ամեն տան բակում հաց են թխում եւ վաճառում:
«Այսօր ամեն հայաթում 3–4 հացի փուռ կա, որոնք սնկի պես աճել են, բայց թե ինչ պայմաններում են թխում, դա էլ հարցի մյուս կողմն է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց հացի արտադրամասի ղեկավարը:
Արտադրողների գերակշիռ մասն արտադրության ծավալների կրճատումը պայմանավորում են նաեւ արտագաղթի աճով. որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում է սպառումը, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները: Մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել՝ գնողունակությունը զգալի ընկել է: