Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը հանդես են եկել Զագրեբի մրցաշարում
ՍպորտԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է «Golden Spin of Zagreb» գեղասահքի մրցաշարը, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Պարային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրել է Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ զույգը: Կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկում մեր գեղասահորդները վաստակել են 127.78 միավոր (49.42+78.36) և 19 պարային զույգերի մեջ զբաղեցրել 15-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովան և Դմիտրի Սոլովյովը (186.66 միավոր):
Ավելի վաղ, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել էր, որ Թինայի և Սիմոնի առջև Փհենչհան մեկնելու հնարավորություն է բացվել, քանի որ օլիմպիական վարկանիշ նվաճած Իսրայելը ներկայացնող պարային զույգը մասնակցության հայտ դեռ չի ներկայացրել: