Վարչապետի անսպասելի ու սպասելի կադրային փոփոխությունները և դրանց պատճառները․ «Հրապարակ»
ՔաղաքականությունHraparak.am-ը գրում է․
Կառավարության ձեւավորմանը զուգահեռ փոփոխություններ են տեղի ունենում նաեւ բուն աշխատակազմերում` խորհրդական, օգնական, խոսնակի մակարդակով: Նորանշանակ վարչապետը արդեն իրեն երկու խորհրդական է բերել, ի տարբերություն Գագիկ Մարտիրոսյանի` ֆիզիկոս Գեւորգ Մուրադյանը հայտնի չէ հասարակական, քաղաքական շրջանակներում: Շուշան Սարդարյանի նշանակումը խորհրդականի պաշտոնում առավել քան սպասված էր` որպես Կարապեյանի թիմակցի: Իսկ ՍԴ նախագահի խորհրդական, հաղորդավար Արեւիկ Ուդումյանի ամուսնու` Արամ Վարդեւանյանի օգնական նշանակվելու մեջ ոչ միայն դեր են ունեցել նրա մասնագիտական որակները, այլեւ ընկերական կապերը: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Արամ Վարդեւանյանը Կարեն Կարապետյանի եղբոր որդու ընկերն է, ահա այդպես էլ «դուրս են եկել» այդ խելացի տղայի «հետքի» վրա:
Այս փոփոխությունների ֆոնին հիրավի անակնկալ էր ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Բարսեղյանի ազատումը: Փոխնախարարների պաշտոնանկությունների ալիքը սպասվում էր Կառավարության ամբողջական ձեւավորումից, մարզպետների հանել-դնելուց հետո:
Նշենք, որ Տիգրան Բարսեղյանը հայտնի իրավաբան, Գերագույն դատարանի նախկին նախագահ Տարիել Բարսեղյանի որդին է: Նա իր աշխատանքը սկսել է դատախազությունից, տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախագահի աշխատակազմում` առաջին կարգի մասնագետից մինչեւ վարչության պետ, եղել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՊԵԿ նախագահի տեղակալ, որտեղից ֆինանսների նախարարություն էր տեղափոխվել 2014թ: Մեր տեղեկություններով` Տիգրան Բարսեղյանի պաշտոնանկության պատճառը ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի հետ ունեցած խնդիրներն են: