Նոր մանրամասներ երևանյան բենզալցակայանի կրակոցների դեպքից
ՀասարակությունՔննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ խուլիգանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով, 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16-ից 17-ը ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայանին կից սրահում առաջացած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակոց է արձակել 20-ամյա Լ. Գաբրիելյանի աջ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք, եւ դիմել փախուստի:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ, Լ. Գաբրիելյանը ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքի հիշողության քարտը, հարցաքննվել են բազմաթիվ անձինք:
Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, ըստ Քննչական կոմիտեի, Երեւանի բնակիչ է, նշված բենզալցակայանի հաճախորդ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա այդ անձը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-դատաքիմիական համալիր եւ տեսաձայնագրային փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: