Հայերի բրենդը վտանգված էր
ԱշխարհԱյս գիշերը դրամատիկ իրադարձություններով հարուստ էր ոչ միայն հայ ընտրողների ու ընտրվողների համար, ովքեր որոշում էին վաղվա Հայաստանի դիմագիծը, այլև ռեալիթի շոուի հայտնի աստղ, աշխարհիկ տիկին Քիմ Քարդաշյանի համար, որին չարագործները պատանդ էին վերցրել Փարիզի հյուրանոցներից մեկում:
Քարդաշյանի իրական հարստությունն անձեռնմխելի էր մնացել, փոխարենը ոստիկանական համազգեստ հագած զինված մարդիկ գողացել էին նրա 16 մլն արժողությամբ թանկարժեք իրերն ու փախուստի դիմել: Այս ցավալի միջադեպը Հայաստանում շատերին լուրջ անհանգստություն պատճառեց, բայց առանձնապես նրանց, որոնց համար Քարդաշյանն ազգային արժեք է ներկայացնում: Հիշենք, որ ժամանակին մի քանի հայ պաշտոնյաներ ուղղակի առաջարկում էին տիկնոջը դիտել իբրև բրենդ Հայաստանի համար և նրա միջոցով կազմակերպել ոչ միայն մեր երկրի հանրահռչակման գործը, այլև ապահովել զբոսաշրջիկների աննախադեպ հոսք:
Այս գաղափարներն այդպես էլ գեղեցիկ ցանկություն մնացին, բայց եթե այս գիշեր Քիմ Քարդաշյանի գլխից մի մազ պակասեր, այդ դեպքում մենք գաղափարից էլ կզրկվեինք ու բրենդի տեղում կունենայինք մի մեծ դատարկություն, քանի որ այդ հարցում պատասխանատու չինովնիկների երևակայությունը Քարդաշյանի բարեմասնություններից այն կողմ չի անցնում: