Գրանցվել է առաջին սպանությունը բիթքոյնի պատճառով
ԱշխարհԹուրքիայի Անթալիա քաղաքում 22-ամյա երիտասարդ Շյուքրյու Մերթ Էրսոյը սպանվել է 5 անհայտ անձանց կողմից, որոնք ցանկացել են տիրանալ նրա «բիթքոինային» հաշիվներին, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Աղբյուրը նշում է, որ սա կարելի է համարել Թուրքիայում առաջին «բիթքոինային սպանությունը»: Ըստ հետաքննության՝ տղան դաժան ծեծի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է:
Հայտնի է, որ մարդասպաններին, այնուամենայնիվ, չի հաջողվել հասնել տղայի հաշիվներին, քանի որ նրանք չեն կարողացել կոտրել նրա բջջային հեռախոսի անվտանգության համակարգը:
22-ամյա երիտասարդի մայրը՝ Սևգի Չընարը պնդել է, որ իր տղայի սպանության մեջ ներգրավված է 5-ից ավելի մարդ և որ նրա հետ միասին բիթքոինի փոխարժեքով վիրտուալ գործարքներ են կատարել նրա 3 ընկերները, որոնցից մեկը ծանոթ է մարդասպաններից մեկին:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Էրսոյն այդ գումարները հասցրել է փոխանցել թուրքական բորսա, թե ոչ: Հայտնի է, որ հակառակ դեպքում նրա կուտակած վիրտուալ միջոցները ոչ ոքի փոխանցվել չեն կարող: