Դանակահարություն սուպերմարկետի մոտ. եղբայրները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՀասարակությունԵրեկ երեկոյան վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել «Էտալոն» սուպերմարկետի մոտ. ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ երեկ ժամը 20.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Հարավարեւմտյան թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ վիճաբանություն է:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանութան Մալաթիայի բաժին հաղորդումներ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ահարոն Ա.-ն եւ «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ` 1982 թ. ծնված Ավետ Ա.-ն: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Երեւանի Բաբաջանյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ:
Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Ավետ եւ Ահարոն Ա.-երին մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Նշենք, որ դանակահարված Ահարոն եւ Ավետ Ահարոնյանները եղբայրներ են: