«Թիրախավորելու եմ այն մարդկանց, ովքեր համակարգում են տվյալ ոլորտները»․ Վարչապետ
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր, Բաբկեն Թունյանին. այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Բ. Թ. – Պարոն վարչապետ, տարվա ավարտին մնացել է մի քանի օր։ Կխնդրեի գնահատեիք Ձեր և Ձեր թիմի կատարած աշխատանքը։ Որքանո՞վ եք բավարարված։ Հաջողվե՞ց անել այն ամենը, ինչը նախատեսել էիք այս տարվա համար, թե՞ կային անելիքներ, որ մնացին:
Վարչապետ– Այն տեսանկյունից, թե ինչ էինք ի սկզբանե պլանավորել, ինչ թվեր էինք ասել, այդպես մոտենալու դեպքում գնահատականը բավականին բարձր կլինի։ Որովհետև ինչ թիրախներ դրել էինք այս տարվա համար, փաստացի բոլոր ցուցանիշները դրանցից բարձր են: Նշանակո՞ւմ է, որ մեր թիմն ամբողջությամբ գոհ է, ու բաներ չկան, որ կարող էինք ավելի արագ, ավելի էֆեկտիվ անել, իհա՛րկե ոչ: Դրա համար կարևոր է, թե ինչն ենք դնում գնահատականի մեջ. ինչ պլանավորել ենք՝ կատարել ու գերակատարել ենք: Ներքին հանգստություն կա՞, որ ամեն ինչ լավ է՝ ոչ։ Բաներ կա՞ն, որոնցից բավարարված չենք՝ այո:
Բ. Թ. – Օրինակ, ինչի՞ց բավարարված չեք:
Վարչապետ– Բազմաթիվ բաներից:
Բ. Թ. – Գոնե 3 ամենակարևոր կետերը նշեք:
Վարչապետ– Եթե նշեմ, թիրախավորելու եմ այն մարդկանց, ովքեր համակարգում են տվյալ ոլորտները։ Բայց անբավարարվածություն, որ կա մի բանից և որը թիրախավորված չէ, հետևյալն է՝ չգիտեմ՝ մենք կարողացե՞լ ենք հետադարձ կապը հասարակության հետ պահել, ինչը չափազանց կարևոր է, որ հասարակությունը հավատա ծրագրին, մասնակից դառնա, հավատա, որ սա է ճանապարհը, արդյոք մենք հասե՞լ ենք դրան, թե՞ ոչ: Որոշակի ոգևորություն բիզնես միջավայրում զգում ենք: Պարզ է, որ հասարակության խնդիրներն անհնար էր լուծել՝ նույնիսկ այս ցուցանիշներից ավելի լինելու դեպքում: Նա, ում կյանքի որակը քիչ թե շատ լավացրել է, շատ չի բարձրաձայնում դրա մասին:
Բ. Թ.- Երբ Դուք նոր էիք նշանակվել վարչապետի պաշտոնում, Ազգային ժողովում հայտարարեցիք, որ տնտեսության վիճակը շատ վատ է։ Հետո խնդիրների ախտորոշման փուլի մասին հայտարարեցիք։ Իսկ որո՞նք էին այդ խնդիրների պատճառները։
Վարչապետ– Իսկ ի՞նչ է տալու դա:
Բ. Թ.- Առանց պատճառը հասկանալու՝ խնդիրը լուծելն անհնարին է։
Վարչապետ– Պատճառները բազմազան են՝ օբյեկտիվ իրավիճակ, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակ, արտաքին ճգնաժամեր, կառավարման մեջ թերացումներ: Ֆիքսեցինք այդ ամբողջը, էջը փակեցինք, հիմա ունենք ստարտային մի վիճակ, որը պետք է ուղղենք, գնանք առաջ:
Բ. Թ.- Երբ հայտարարվեց այս տարի 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, ի սկզբանե տպավորություն կար, որ խոսքը վերաբերում է օտարերկրյա ներդրումներին (ընդ որում, տևական ժամանակ շատերն այդպես էին կարծում)։ Հետո պարզվեց, որ դրա մեջ մտնում են վարկային ծրագրերը կամ բյուջետային միջոցների հաշվին իրականացված ծրագրերը…
Վարչապետ – Ուզում եմ ֆիքսենք, որ հետո չի պարզվել: Հենց այն պահին, որ մենք հայտարարել ենք 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, առաջին հայտարարության ժամանակ ֆիքսել ենք հասցեները՝ բյուջե, վարկեր, համայնքային դրամաշնորհներ, և այլն, և այդ ամենը հստակ ձևակերպված էր՝ ըստ նախարարությունների, նաև՝ ըստ հոդվածների: Մենք չենք ասել՝ դրանք ներդրումներն են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են: Ու անընդհատ, երբ հարցնում էին՝ ի՞նչ եղավ, մենք պատասխանում էինք՝ այստեղ ներդրումներ կան, որոնք մենք չենք տեսնում (օրինակ, Բաբկեն Թունյանն առանձին ջերմոց է բացում, մենք չենք տեսնում): Երբ օգոստոսին մենք հաշվետվություն էինք տալիս, շատ ավելի ներդրումներ էինք տեսնում, բայց չէինք ընդգրկել դա այդ ներկայացված ցուցակի մեջ: Իսկ 850 մլն դոլարի մասին մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ենք հայտարարել:
Բ. Թ.- Այսինքն՝ սա ստանդարտացված ցուցանիշ չէ, Ազգային վիճակագրական ծառայությունը նման ցուցանիշ չի հրապարակում։ Ուզում էի իմանալ՝ 2016թ. այս 850 մլն դոլարի համադրելի ցուցանիշն ինչքա՞ն է եղել:
Վարչապետ– Թե որքան է եղել նախորդ տարի այդ նույն հոդվածների համանմանը, չեմ կարող այս պահին ասել։ Ոչ թե թաքցնում եմ, այլ ուղղակի վիճակագրությունը չունեմ:
Բ. Թ.- Ռուսաստանաբնակ 30 գործարարներ տարվա սկզբին աջակցություն հայտնեցին Ձեր ծրագրերին ու պատրաստակամություն՝ ներդրումներ անել: Հիմա տարին արդեն ավարտվում է, կարո՞ղ եք մի քանիսն առանձնացրել, որոնք մեկնարկել են:
Աշոտ Մանուկյան- Առաջինը, որի մասին բազմիցս ասել ենք, Շնող ՀԷԿ-ի ծրագիրն է, որը նախնական գնահատականներով՝ կկազմի 150-200 մլն դոլար, դա խորհրդային ժամանակներից ի վեր չկառուցվող հէկ էր, որի նախագծումը սկսվել է դեռ խորհրդային ժամանակներում, բայց խորհրդային պետությունը չկարողացավ նույնիսկ ավարտել կամ նույնիսկ սկսել շինարարությունը:
Երկրորդ, արդեն սկսել ենք նախահաշվարկային աշխատանքները կոշտ թափոնների վերամշակումից էլեկտրաէներգիայի ստացման կայանի կառուցման համար: Ծրագիրը դեռ նախագծային, նախահաշվարկային փուլում է, բայց նախնական գնահատումներով՝ կկազմի 60-80 մլն դոլար, ընդ որում՝ սա կլինի Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում պիլոտային ծրագիր: Այն հետո կտարածվի մնացած բոլոր մարզերում:
Ներդրողների ակումբի ծրագրերից շատ կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանում առաջին արդյունաբերական նշանակության արևային կայանի կառուցումը: Իր տեսակի մեջ լինելով եզակի՝ այն խթան հանդիսացավ, և դրանից 6 ամիս անց Հայաստանում հայտնվում են նոր արևային կայաններ:
Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, այդ տիպի կայանների կողմից արտադրվող էներգիայի ծավալների մեծացմանը զուգահեռ՝ ի հայտ է գալիս այդ էլեկտրաէներգիան կուտակելու անհրաժեշտություն։ Հակառակ դեպքում մենք պետք է արտադրենք ու կորցնենք, քանի որ հնարավորություն չունենք այդ պահին սպառելու: Եվ հենց դրա հետ է կապված ներդրողների ակումբի հաջորդ ծրագիրը, որն այս պահին քննարկվում է TESLA-ի հետ, զուգահեռ՝ նաև այլ արտադրանքի հետ. փորձում ենք նաև կառուցել կուտակիչ կայաններ: Առաջին պիլոտայինը կլինի Դդմաշենում` մինչև 15 մեգավատտ հազորությամբ կուտակիչ կայանի կառուցում: Սրա նախնական արժեքը 15-17 մլն դոլար է: Այս 4 ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, նախագծային, նախահաշվարկային փաստաթղթերի մշակման փուլում են:
Վարչապետ- Եթե մեզ հաջողվի իրականացնել այս վերջին ծրագիրը, դա սկզբունքորեն կփոխի մեր էներգետիկ անվտանգությունը: Թեպետ էներգետիկ անվտանգության տեսակետից մեր երկիրն առանց այն էլ Եվրոպայի պետությունների մեծամասնությունից շատ ավելի անվտանգ է, այսինքն՝ ֆորսմաժորային պայմաններում գազի մատակարարում, և այլն: Ինչպես պարոն Մանուկյանն ասաց՝ արևային էներգետիկայի զարգացումը կունենար սահման, եթե մենք կուտակիչ ակումուլյատորների խնդիրը չենք լուծում, որովհետև ռեակտիվ հզորության սպառման խնդիր կա: