Սպանված զինծառայողի մայրը մանրամասներ է պատմում
ՀասարակությունԱնցած տարվա մարտին ծառայակցի կողմից սպանված զինծառայող Հովհաննես Հարությունյանի ծնողները պնդում են՝ դատարանն ամբաստանյալ Միքայել Զաքարյանի նկատմամբ մեղմ դատավճիռ է կայացրել՝ ընդամենը 10 տարվա ազատազրկման դատապարտելով: Հովհաննեսի մայրը՝ տիկին Լյուդան, արդեն դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով իր որդու սպանության մեջ մեղադրվողի համար Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսվող ամենախիստ պատիժը. «Շատ մեղմ դատավճիռ էր, ես պահանջում եմ, որ ամենախիստ պատիժը տան, որովհետեւ ինքն իմ երեխու կյանքն է խլել»:
Տիկին Լյուդան նշում է, բացի այն, որ Միքայել Զաքարյանը խլել է իր որդու կյանքը, դատարանում նա անհարգալից վերաբերմունք է դրսեւորել իր եւ ամուսնու նկատմամբ:
«Մեզ չի ցավակցել՝ ոչ ինքը, ոչ էլ ծնողները: Դատարանում ամուսնուս թուրք է անվանել, իմ վրա գրիչ է նետել: Իսկ իր գործած հանցանքը փորձում էր քառօրյա պատերազմում զոհված Արման Անդրեասյանի վրա գցել՝ ասում էր նա է խփել: Հետո սկսեց ասել թե Հովոս, դիվերսիայի արդյունքում է զոհվել, նախաքննությամբ ապացուցվեց, որ ստում է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է զոհվածի մայրը:
Դատարանը մերժել է նաեւ Հովհաննեսի ծնողների՝ 880 հազար դրամի պահանջով քաղաքացիական հայցը. սոցիալապես ծանր վիճակում ապրող Հարությունյանները մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր դատական նիստին մասնակցելու համար Աշտարակից մեկնել են Արցախ եւ ճանապարհածախսը փոխհատուցելու քաղհայց էին ներկայացրել: Տիկին Լյուդան նշում է, այժմ իրենց ոչինչ հարկավոր չէ, բացի որդուն սպանողի համար ամենախիստ դատավճռից: Որդու մահից մեկ տարի անց էլ Հարությունյանները չեն համակերպվում իրականության հետ. Հովհաննեսի լուսանկարները տան բոլոր անկյուններում են, նրա հանդեպ կարոտն այսպես են փորձում խեղդել: Տիկին Լյուդան մահացած որդու՝ 10 տարեկանում գրած շարադրությունը հիմա է գտել եւ առանց արցունքների այն չի կարողանում կարդալ: Հովհաննեսը 10 տարեկանում արդեն իմացել է, որ զինվորական է դառնալու եւ շարադրությունն հենց այդ մասին է:
Ըստ մեղադրական եզրակացության` Միքայել Զաքարյանը ինքնաձիգով հանկարծակի դիտավորությամբ մեկ անգամ կրակել է համածառայակից Հովհաննես Հարությունյանի վրա: Բացի դրանից, վիճաբանության մեջ է մտել շարքային Սամվել Զեյնալյանի հետ, եւ բռունցքով մեկ անգամ հարվածել նրան: Սամվել Զեյնալյանը նույնպես բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Միքայել Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Զեյնալյանին` 359-րդ հոդվածի 1-ին մասով:
Միքայել Զաքարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Նրա փաստաբանը՝ Էրիկ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Հովհաննեսը Միքայելի ինքնաձիգը կատակով փորձել է վերցնել եւ հենց այդ ժամանակ էլ արձակվել է մահացու կրակոցը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը զոհվել էր 2016թ. մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: