Արտակարգ դեպքեր. երիտասարդ տղաները փորձել են ինքնասպան լինել
ՀասարակությունԱնցած գիշեր Գյումրիի 23-ամյա բնակիչն ալկոհոլի ազդեցության տակ փորձել է կտրել վիզն ու երակները՝ այդկերպ փորձելով ինքնասպանություն գործել:
23-ամյա Միքայել Ս.-ին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Գյումրի» ԲԿ-ի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը։
«Երիտասարդն այս գիշեր շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նա ԲԿ է ընդունվել հեմոռագիկ շոկ, պարանոցի աջ կեսի և նախաբազկի մակերեսի վնասվածքներ, արյունահոսող վերքեր ախտորոշմամբ: Երիտասարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ»,- ասաց Նարեկ Կիրակոսյանը։
Այս պահին, ըստ նրա, Միքայել Ս.-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
***
Այսօր՝ հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 09։40-ի սահմաններում Սիսիանի շտապօգնության հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ ժամը 08։40-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայել Օրի փողոցի թիվ 3 շենքի բակից ծայրահեղ ծանր վիճակով Սիսիանի հիվանդանոց են տեղափոխել մի տղայի, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը նշված շենքի բնակիչ՝ 19-ամյա Լ. Հ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով 5-րդ հարկի իրենց տան պատշգամբից ցած է նետվել։