Apple-ը խոստովանել է իր բոլոր սարքերի խոցելիության մասին
Բաց մի թողեքApple ընկերությունը խոստովանել է, որ իր բոլոր սարքերը, ինչպես բջջային, այնպես էլ ստացիոնար, կարող են խոցելի լինել հաքերների համար։ Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրությունում։
Meltdown-ը և Spectre-ը խոցում են համակարգչային պրոցեսորների աշխատանքը, և հեշտացնում են տվյալների բազային հաքերների հասանելությունը։ Ծրագրերը կարող են մուտք գործել պաշտպանված հատվածներ և հայտնաբերել գաղտնի տեղեկատվության պահպանման վայրերը։
«Խնդիրը վերաբերում է բոլոր սարքերին, որոնք աշխատում են Mac OS և iOS օպերացիոն համակարգերի վրա, սակայն այս պահին հայտնի չէ դրա օգտագործման դեպքերի մասին»,- ասված է Apple-ի հայտարարությունում։
Ընկերությունում նշել են, որ դեռևս համակարգերը կոտրելու մասին ոչ մի տեղեկատվություն չի ստացվել, սակայն Apple-ն արդեն թողարկել է պաշտպանության թարմացված ծրագիր։ Նշենք, որ խոցելիությունը հայտնաբերվել է Intel և ARM ընկերությունների կողմից արտադրվող միկրոչիպերում, որոնք իրենց արտադրանքը մատակարարում են ողջ համակարգչային շուկային։
Apple-ի ներկայացուցիչների խոսքերով՝ բոլոր սարքերի օպերացիոն համակարգերի վերջին թարմացման մեջ ներդրված են մեխանիզմներ, որոնք նախատեսված են լուծել Meltdown-ի հետ կապված խնդիրը։ Safari դիտարկիչի թարմացման տեսքով Spectre-ի դեմ պաշտպանության համակարգը կթողարկվի մոտ օրերս։