14-ամյա մոդելն ինքնասպան է եղել՝ համացանցային հետապնդման պատճառով (լուսանկարներ)
ԱշխարհԱվստրալիան ցնցված է 14-ամյա աղջնակի՝ մոդել Էմի Էվերեթի, ով հայտնի է նաև որպես Դոլլի, ինքնասպանությամբ։ Աղջիկը ինքնասպան է եղել համացանցային հալածանքների պատճառով։ Նրան մշտապես ծաղրել և ձեռք են առել։ Էմին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ դարձել է ավստրալիական հայտնի լայնեզր գլխարկներ արտադրող Akubra Hats–ի դեմքը։ Էմին համագործակցել է այս կազմակերպության հետ ութ տարեկանից։ Վերջերս աղջիկը նկարահանվել էր նոր, ամանորյա գովազդում։ Akumbra–ն ցավակցել է աղջկա ծնողներին և կոչ է արել վերջ դնել ինտերնետային հալածանքներին։
Աղջկա հայրը հաղորդել է, որ մահվանից առաջ Դոլլին նկար է թողել, որի վրա գրված է եղել. «Վեր կաց և խոսիր, եթե նույնիսկ ձայնդ դողում է»։
«Այս ուղերձը խոսում է այն մասին, թե ինչ սարսափելի վիճակում է եղել մեր աղջիկը։ Որքան էլ որ մեծ է մեր վիշտը, մենք պետք է օգնենք այլ ընտանիքների գիտակցել, որ որոշ մարդիկ համացանցում հալածանքների են ենթարկվում»,– ասվում է աղջկա ծնողների հայտարարության մեջ, ովքեր աղջկա հուղարկավորությանը հրավիրել են նաև ինտերնետ–թրոլներին, որպեսզի նրանք իրենց աչքերով տեսնեն «թե ինչի են հանգեցրել նրանց «չար» կատակները»։
«Ես գիտեմ, որ շատերը ինքնասպանությունը վախկոտություն են համարում։ Բայց ես երաշխավորում եմ, որ այդ մարդիկ այն խիզախության կեսն էլ չունեն, որն ուներ իմ անգին փոքրիկ հրեշտակը։ Նա ուժ է գտել իր մեջ անել այն, ինչն իրեն թվացել է, որ պետք է անի, որպեսզի խույս տա այս աշխարհի չարիքից»,– հայտարարել է աղջկա հայրը։
Դոլլիի ընտանիքը մտադիր է «Դոլլիի երազանք» կազմակերպություն հիմնել, որը լուսավորչական աշխատանք կտանի ինտերնետային հալածանքների, դեպրեսիայի և երիտասարդության շրջանում ինքնասպանությունների ռիսկի վերաբերյալ։