Որոշել են, որ Հայաստանը չպետք է արտգործնախարար ունենա. «ՉԻ»
Քաղաքականություն«Ես բացահայտ հայտարարում եմ` մեր կադրային հարցերը կարգավորում ենք մենք եւ որեւէ գերտերության, որեւէ պետության հետ խորհրդակցելու կարիք չունենք», հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով արտգործնախարարի պաշտոնում Էդուարդ Նալբանդյանի վերանշանակմանը։
«Չորրորդ Իշխանություն» թերթն իր մեկնաբանության մեջ նշում է․ «Այ սա իսկապես խիզախ հայտարարություն է։ Մարդ պարզապես հիացմունքից փշաքաղվում է։ Փաստորեն Սերժ Սարգսյանն այնքան հզոր առաջնորդ է, որ (մեղա, մեղա) ի՛նքն է նշանակում իր երկրի արտգործնախարարին։ Եվ իշխող կուսակցությունը սա ներկայացնում է որպես չտեսնված-չլսված նվաճում։
Միայն թե` հանկարծ «որեւէ գերտերության» ղեկավար չլսի այս հայտարարությունն ու չբարկանա։ Հակառակ դեպքում Վահրամ Բաղդասարյանը ստիպված կլինի հայտարարել, որ ընդամենը իր անձնական տեսակետն է հայտնել։
Ինչ վերաբերում է Էդուարդ Նալբանդյանի վերանշանակմանը, ապա ըստ երեւույթին «որեւէ գերտերության» ղեկավար պարզապես որոշել է, որ Հայաստանը չպետք է արտգործնախարար ունենա», - ամփոփում է թերթը։