Քաղցկեղով հիվանդ 17-ամյա աղջիկը ծննդաբերել է. տեսանյութ
ԱշխարհԱՄՆ-ում 17-ամյա աղջիկը, ում բժիշկները մի քանի ամսվա կյանք էին տվել վիրահատության համար հակացուցված գլխուղեղի ուռուցքով, առողջ երեխա է ծննդաբերել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Փենսիլվանիայից 17-ամյա Դանա Սկաթոնը, ում բժիշկներն ախտորոշել էին ուղեղի ուռուցք, հունվարի 4-ին՝ հղիության 33-րդ շաբաթում առողջ աղջիկ է ունեցել:
Նման ախտորոշման դեպքում ողջ մնալու հավանականությունը մեկ տոկոսից պակաս է, հիվանդների 90 տոկոսը մահանում է 18 ամսվա ընթացքում: Դանան շաբաթական 5 անգամ ռադիոթերապիա է ստացել, ինչը ախանիշները մեղմացրել է: Հունվարի 11-ին նա հիվանդանոցում նշել է իր 18-ամյակը:
Նորածին աղջիկը, ում Մարի են անվանակոչել, կշռում է մոտ 2 կգ, նա նեոնատալ բաժանմունքում է: Դանան շարունակում է ճառագայթային թերապիա ստանալ. դա կարող է նրա կյանքը երկարացնել մինչեւ 6 ամիս: Ախտանիշներն արդեն սկսել են նահանջել. Դանան կարողանում է ինքնուրույն շարժել ձախ ձեռքը եւ ոտքը, ինչը նախկինում չէր կարողանում անել:
Աղջկա ուռուցքն անհնար է վիրահատել տեղադրության պատճառով: Հղի կնոջ մոտ ուռուցքն ինքնին հազվադեպ է ազդում պտղի զարգացման վրա, սակայն վտանգ է ներկայացնում ռադիոթերապիան: Բժիշկները խուսափում են հղիության ժամանակ ռադիոթերապիայի սեանսներ նշանակել: Այդուհանդերձ, նորածին Մարին առողջ է եւ ինքնուրույն է ուտում ու շնչում: