Գալուստ Սահակյանը հրաժարվեց Սերժ Սարգսյանից
Քաղաքականություն«Քաղաքականության մեջ անփոխարինելի մարդիկ չեն լինում»,- այսօր խորհրարանում լրագրողներին ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նա ավելի վաղ ասել էր, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Երբ լրագրողները հիշեցրին այդ խոսքերը, Սահակյանն ասաց. «Նախ և առաջ անփոխարինելի պաշտոններ չկան քաղաքականության մեջ: Ես անընդհատ մի ուրիշ բան եմ ասում, լրագրողները մի ուրիշ բան են ասում: Քաղաքականության մեջ երբևիցե Գալուստ Սահակյանն անփոխարինելի մարդ չի տեսնում»:
Գալուստ Սահակյանը նաև ասաց, որ վարչապետի պաշտոնում ինչ-որ մարդու արդեն տեսնում է, բայց այդ անունը հրապարակելու ժամանակը չէ դեռ: «Ես էն քաղաքական գործիչն եմ, որ եթե որևէ խոսք ասում եմ, ուրեմն ինչ-որ քննարկումներ կան, որի արդյունքում ասում եմ իմ խոսքը», նշեց նա:
Նա նշեց, որ այս օրերին ՀՀԿ-ում քննարկումներ են ընթանում, թե ով պետք է լինի վարչապետ:
Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև գնաճին ու սոցիալական խնդիրներին:
«Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտածում այդ մասին: Ես գիտեմ մեր ժողովրդի ցակությունն ինչ է, որպեսզի էժանություն լինի, մարդիկ լավ ապրեն, խանութներից օգտվեն», ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը հաշվի չի առնում մարդկանց ցանկությունը, նա ասաց. «Դա արդեն ընդդիմադիր խոսք եք ասում: Նախորդ տարի գնաճը մոտ 5 տոկոս ենք ունեցել, այս տարի 2.5 տոկոս ունենք: Որովհետև մեր ժողովրդրի մեծ մասը շատ վատ է ապրում, այդ 2.5 տոկոսն էլ է մեծ բեռ»: