Ռուս ատլետները փախել են՝ տեղեկանալով, որ անակնկալ դոպինգ ստուգում պետք է անցնեն
ՍպորտԱռավոտ |
Աթլետիկայի Սիբիրի երկրամասային առաջնությունում, որ հունվարի 13-14-ին անցկացվել է Իրկուտսկում, Ռուսաստանի հակադոպինգային ծառայության աշխատակիցների անակնկալ այցի մասին տեղեկանալով 36 մարզիկ չի ներկայացել մեկնարկի: Մի մասը դա բացատրել է անսպասելի հիվանդանալով, մյուսներն ընդհանրապես որեւէ պատճառաբանություն չեն տվել: Մինչ ռուսական սպորտի վերին հարկերը ՄՕԿ-ի եւ ՎԱԴԱ-ի իրականացրած որակազրկումները հայտարարում են որպես հակառուսական դավադրություններ, միջին եւ ստորին օղակներում պարզորոշ երեւում է ռուսական սպորտի իրական պատկերը: Նմանատիպ երեւույթները Ռուսաստանում եզակի չեն: 2017-ի սկզբին, Օրենբուրգում ընթացող Աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի ձմեռային փուլում, երբ լուր էր տարածվել, թե անակնկալ դոպինգ սպաներ են եկել, նախապես հայտավորված մասնակիցների կեսը մեկնարկի չէր ներկայացել: Ֆեդերացիան այն ժամանակ հայտարարել էր հետաքննություն սկսելու մասին, սակայն այդպես էլ արդյունքները չէին հրապարակվել: Անցած տարվա Մոսկվայի մարաթոնի ժամանակ ֆավորիտներից շատերը մրցուղու կեսից «անհետացել էին», կամ վազել այնքան դանդաղ, որպեսզի խուսափեն անսպասելի ժամանած դոպինգի դեմ պայքարողների ուշադրությունից: