Ողբերգական դեպք. վարորդը ընթացքի պահին հանկարծամահ է եղել
ՀասարակությունՄանթաշ-Հոռոմ ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի վարչական տարածքում ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել Ցողամարգ գյուղի բնակիչ, 1964թ. ծնված Արթուրիկ Հարությունյանը: Վերջինս ընթացքի պահին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել տարածքի բետոնե տաշտակներին, այնուհետ՝ գազատարին: Մեզ հետ զրույցում Ցողամարգի վարչական պատասխանատու Գնել Բարսեղյանը տեղեկացրեց, որ դատաբժշկական եզրակացությամբ պարզվել է, որ Արթուրիկ Հարությունյանը հանկարծամահ է եղել: Նա Ամասիայի կաթի գործարանի աշխատակից էր, մեքենան էլ պատկանում է գործարանին: Արթուրիկն ամեն օր Ապարանից կաթ է բերել Ամասիա: Դեպքի պահին էլ կաթով բեռնված մեքենայով Ապարանից վերադառնալիս է եղել: «Իմ հարեւանն է եղել, ոչ մի անգամ չեմ լսել, որ էդ կողմից բողոքներ ունենար: Բայց դե դեպք է, էլի, պատահել է»,- ասաց նա:

Արթուրիկ Հարությունյանն ընտանիքի միակ աշխատողն էր այս պահին: Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ 3 երեխա ուներ: Աղջիկն ամուսնացած էր, փոքր տղան նոր էր վերադարձել բանակից:
Դեպքի հետ կապված ՇՄ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: