Ինչպես են ձերբակալում Դաղստանի վարչապետին / տեսանյութ
ԱշխարհՓետրվարի 5-ին Դաղստանում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 4 բարձրաստիճան պաշտոնյայի են ձերբակալել: Նրանց թվում են՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուսամադ Համիդովն ու նրա 2 տեղակալները՝ Շամիլ Իսաևն ու Ռայուդին Յուսուֆովն, ինչպես նաև կրթության նախկին նախարար Շահաբաս Շահովը, ով աշխատանքից ազատվել էր անցած տարվա դեկտեմբերին իր տանն անցկացված խուզարկությունից հետո:
Դաղստանի կառավարության ղեկավարի և երկու փոխվարչապետերի տանը երկուշաբթի խուզարկություններ են անցկացվել:
Խուզարկություններ են անցկացվել նաև վարչապետի պաշտոնակատարի տանը: Համիդովը փորձել է սպառնալ ուժայիններին: «Դուք չեք գիտակցում, թե ում մոտ եք եկել»,- ասել է նա իրավապահներին, սակայն հետո ենթարկվել է:
Ընդ որում, ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է դաղստանցի պաշտոնյաների ձերբակալության տեսագրությունը: Կադրերում երևում է ձերբակալվածներից մեկի շքեղ առանձնատունը: Կադրերում կարելի է նկատել նաև առգրավված ոսկե հրացանները, որոնք պատկանում են Համիդովին:
«Московский комсомолец»-ի հաղորդմամբ՝ ձերբակալված պաշտոնյաներին ինքնաթիռով ուղարկել են Մոսկվա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանց նկատմամբ հանցավոր խումբ կազմակերպելու համար մեղադրանք կարող է առաջադրվել:
«Կարծում եմ՝ կաշառակերության դեմ պայքարի ակտիվացումը կապ ունի կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Հասկանալի է դառնում, որ Դաղստանում ընտրությունները կարող են կայանալ միայն այն դեպքում, եթե իշխանությունն արթնանա և դադարեցնի հանրապետությունում կոռուպցիոն անօրինությունը»,- պարբերականին ասել է քաղաքագետ, Դաղստանի հարցով փորձագետ Գալինա Հիզրիևան:
Բացի այդ, հաղորդվում է, որ հունվարի 21-ին հողային խարդախությունների մեղադրանքով ձերբակալվել էր Մախաչկալայի քաղաքապետ Մուսա Մուսաևը: Այժմ նա գտնվում է Վլադիկավկազի քննչական մեկուսարանում: Իսկ փետրվարի 1-ին խուզարկումներ են անցկացվել Դաղստանի Տաբասարանսկի շրջանի վարչակազմում: Փետրվարի 2-ին ծառայողական իրավասությունների չարաշահման մեղադրանքով 10 օրով ձերբակալվել էր Մախաչկալայի ճարտարապետ Մահոմեդրասուլ Գիտինովը: