19-ամյա աղջկա մահվան առիթով հարուցվել է քրեական գործ
ԱմենաընթերցվածՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հոդվածը վերաբերում է Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն: Իսկ երկրորդ մասով նախատեսվում է. «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
Գլխավոր դատախազությունից նշեցին, որ քրեական գործը հարուցվել է «Հայկական ժամանակի» նախորդ հրապարակման ու բուժհաստատությունից մահվան դեպքի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա: Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության: Ծննդկանի հարազատներից գրավոր բողոք դեռեւս չի ստացվել:
Մահացած 19-ամյա ծննդկան Լիլիթ Խ.-ի հարազատները մեզ հետ զրույցում երեկ տեղեկացրել են, որ նրա մահվան յոթերորդ օրն անցկացնելուց հետո արդեն պատրաստվում են դիմել իրավապահներին: