Լարված իրավիճակ Գյումրիում. տեղում են Շիրակի փոխոստիկանապետերը
ՀասարակությունPolitik.am-ի փոխանցմամբ՝ այսօր թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը հրապարակել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ Հայտարարվեց, որ 17 մանդատ «Բալասանյան» դաշինքինն է, 8 մանդատ՝ ԲՀԿ-ինը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերածնունդինն» ու ԳԱԼԱ-ինը:
Հանձնաժողովի շենքի ներսում հավաքված կանայք անեծքներ հնչեցրեցին Սամվել Բալասանյանի հասցեին` նրան անվանելով «մանդատի գող», իսկ հանձնաժողովականներին անվանեցին «Մուկուչյանի ստրուկներ»:
ԳԱԼԱ, ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունների մեծ թվով համակիրներ փակել են հանձնաժողովի շենքը, դրսում ասեղ գցելու տեղ չկա։
Նրանք հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանին հորդորում են կամ պահել օրենքը, մանդատներ չնվիրել Սամվել Բալասանյանին, կամ հրաժարական տալ: Տեղում են նաև Շիրակի փոխոստիկանապետերը:
Քիչ առաջ սկսվեց երթ դեպի Թատերական հրապարակ: