Ալիևը պետք է նախազգուշացնող քարտեր ստանա
ՔաղաքականությունԱդրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հարցազրույց է տվել «Արմինֆո» գործակալությանը, որում հնչեցրել է Ադրբեջանի «առաջարկները» Հայաստանում և Ադրբեջանում ընտրություններից հետո ժամանակաշրջանի համար:
Մուսաբեկովն Ադրբեջանում նախագահի ընտրությունները հոկտեմբերից ապրիլ տեղափոխելու որոշումը պայմանավորել է ղարաբաղյան կարգավորմամբ: Նա նշել է, որ Ադրբեջանը չի ցանկանում «կորցնել» ամառը և աշունը, և փորձում է արդեն ամռանը ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորման հասնել:
ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ քիչ հավանական է, որ Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ամենամեծ կապն ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ. «Եկեք չմոռանանք, որ Իլհամ Ալիևի համար իշխանության վերարտադրությունից ավելի կարևոր խնդիր չկա, և չի կարող իր՝ տարածքներ վերադարձնելու հետ կապված խոստումներն ավելի թանկ լինել։ Դրանք այս պահին էլ ուղղված են ներքաղաքական սպառմանը՝ նպատակ ունենալով հասարակությանը ցույց տալ, որ հիմա պատերազմ չկա, որովհետև խաղաղ կարգավորման հույս կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը։