Առաջինը՝ ոչ առաջինի կարգավիճակում
ՔաղաքականությունՆույնիսկ 1991-ի հոկտեմբերի 16-ի նախագահական առաջին ընտրությունները, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, մրցակցությունից դուրս էր, ուղեկցվեցին բուռն քարոզարշավով և նույնիսկ փոքր հետընտրական ցույցով, որովհետև Պարույր Հայրիկյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ պնդում էին, թե սահմանամերձ Պառավաքար գյուղում գրանցված աննշան մի միջադեպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա: Հայաստանի հետագա բոլոր նախագահական ընտրությունները նույնացել են իշխանության ձևավորման հետ և աղմկոտ են եղել` 2008-ին նույնիսկ հանգեցնելով զոհերի: Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության ելքը կանխորոշվել է դեռ հունվարի 19-ին, երբ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում առաջադրվելու առաջարկություն արեց Արմեն Սարգսյանին: Նա մարտի 2-ին կդառնա Հայաստանի առաջին նախագահը, ով կարգավիճակով առաջինը չի լինելու պետական համակարգում: Արմեն Սարգսյանը նաև առաջին նախագահն է, ով ընտրվելու է ոչ թե հասարակության, այլ` խորհրդարանի կողմից, առանց մրցակիցների:
Մարտի 2-ին խորհրդարանի շենքի մոտ չեն հավաքվի ոչ Արմեն Սարգսյանի կողմնակիցները, ոչ էլ` ընդդիմախոսները, նրա ընտրությունը չի ոգևորի, ոչ էլ` կհիասթափեցնի հասարակությանը: Սերժ Սարգսյանի նշած ազգային համերաշխությունը միֆ է, որովհետև հանգելու է ընդամենը պատգամավորների համերաշխ քվեարկությանը` հասարակության անտարբերության ֆոնին: Սակայն Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունը ուշագրավ է հատկապես բովանդակային համատեքստում: Արմեն Սարգսյանը Հայաստանի առաջին նախագահն է լինելու, որին այդ պաշտոնին բերելու է ոչ թե քաղաքական գործընթացն, այլ` մեկ մարդու ցանկությունը: