Ինչու են Բաղդադում որոշել թուրք կնոջը մահապատժի ենթարկել
ԱշխարհԲաղդադի կենտրոնական քրեական դատարանը մահապատժի է դատապարտել Թուրքիայի քաղաքացուհու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետ կապ ունենալու համար, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով եգիպտական մամուլին:
Ըստ աղբյուրի՝ 48-ամյա կինն Իրաք է ժամանել ամուսնու և երկու որդիների հետ: Ընտանիքը ցանկացել է ապրել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որտեղ գործում են «շարիաթի կանոնները»:
Ընտանիքի տղամարդիկ, սակայն, մահացել են ավիահարվածների ընթացքում, և թրքուհին միայնակ է մնացել:
Հայտնի է նաև, որ տարբեր ժամկետներով ազատազրկումների են դատապարտվել Թուրքիայի ևս 10 քաղաքացուհիներ, որոնց տարիքը տատանվում է 20-50-ի սահմաններում: Նրանք նույնպես ԻՊ-ին միացած իսլամիստների կանայք են, որոնք միայնակ են մնացել իրենց տղամարդկանց կորցնելուց հետո: