«Տեր-Պետրոսյանը հրահանգել էր Սերժ Սարգսյանին, որ ջարդի ՆԳՆ-ն»․ Վանո Սիրադեղյան
Քաղաքականություն1996-ի աղմկահարույց նախագահական ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ուժային նախարարներից ներքգործնախարար Վանո Սիրադեղյանին նշանակեց Երևանի քաղաքապետ, իսկ Սերժ Սարգսյանին՝ միացված ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար: Պաշտպանության նախարար, ամենազոր Վազգեն Սարգսյանը պահեց իր պաշտոնը: Այս նշանակումից երկու տարի անց, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն հրաժարական էր տվել, Վանո Սիրադեղյանը Հ1-ի “Մարդու ժամանակը” հաղորդաշարի ընթացքում ասաց, որ ՆԳՆ-ից իր հեռացումով իշխանության ներսում առաջացավ դիսբալանս: Aniarc.am-ը ներկայացնում է Վանո Սիրադեղյանի խոսքերը․
«Համոզված էի, որ ես ևս երկու տարի անելիք ունեմ ՆԳՆ-ում, բայց նախագահը ասաց, որ ժամանակն է տեղափոխվելու: Ես տեղափոխվեցի սրտի ցավով․ գիտեի, որ վատ է լինելու, նույնիսկ իմ դուրս գալը վեց ամսով հետաձգեցի: Գնալուց առաջ Տեր-Պետրոսյանին ասացի․ "Երկիրը մնում է միահեծան բանակի իշխանության տակ, եթե ես դուրս եմ գալիս: Դրա մասին մտածիր․ շատ վտանգավոր քայլ ես անում": ՆԳՆ-ից իմ դուրս գալուց հետո սկսվեց դիսբալանս, որի հետևանքով 1998-ին նախագահը գնաց: Շատ ավելի ուշ իմացա, որ բալանսը իմ գնալով էր խախտվում: Նախագահը հրահանգել էր Սերժ Սարգսյանին, որ գնա ու ջարդի ՆԳՆ-ն: Երկրում երկու կառույց էր լիարժեք ձևավորվել՝ բանակը և ՆԳՆ-ն։ Ոչ միայն դիսբալանսը եղածով պահպանելու մասին չմտածեցին, այլև փաստորեն հանձնարարություն էր եղել, որ այդ լուրջ կառույցը ջարդեն: Դրա հետևանքը սա է:
Ես չեմ ասում, թե իշխանությունից դուրս գալն ինքնին կատաստրոֆա է: Ոչ։ Կատաստրոֆան հետո է լինելու»: