Արմավիրի մարզպետին կանչել են նախագահական. «Հրապարակ»
ՔաղաքականությունHraparak.am-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին վաղը կանչել են նախագահական: Բաղրամյան 26 այցի առիթը հավանաբար սպասվող պաշտոնանկություն է: Կառավարության ձեւավորումից հետո Կարեն Կարապետյանը ձեռնամուխ է եղել մարզպետների փոփոխություններին: Որոշել են՝ ամեն շաբաթ մեկ-երկու զիլ պաշտոնանկություն անել՝ հանրության համար փոփոխություններ անող իշխանության իմիտացիա ստեղծելու նպատակով:
Նախորդ շաբաթ, օրինակ, պաշտոնանկ արվեց Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա փոխարեն նշանակվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Վահե Հակոբյանը: Այլ պաշտոնանկություններ եւս եղան, Ջրային կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը ազատվեց պաշտոնից, նրան փոխարինեց «Էյ-Ի-Ջի Սերվիսի» գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը:
Նշենք, որ Աշոտ Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ է 2006թ, նախկինում նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում, գեներալ մայոր է: Չնայած մարզպետն արդեն հատել է կենսաթոշակային տարիքը՝ 67 տարեկան է, բայց ի տարբերություն օրինակ Էդիկ Բարսեղյանի, նրան չհեռացրին, գուցե հարմար փոխարինող չէին գտնում: Այստեղ պետք է ուժեղ կադրի նշանակում, որպեսզի կարողանա մարզի «գեներալիտետի» հետ յոլա գնալ: Որպես մարզպետացու` շրջանառվում է Արմավիրի գազի պետ Սաշա Մկրտչյանի անունը, իհարկե չի բացառվում նաեւ լրիվ այլ նշանակում: