Մանրամասներ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից գնդակահարված հայ երիտասարդի գործից
ԱշխարհԼոս Անջելեսի ոստիկանությունը Պանորամա Սիթի շրջանի փողոցներից մեկում գնդակահարել է հայ Օրբել Նազարյանսին, որն ինքնասպանության հակումներ է ունեցել:
Ինչպես հայտնում է dailynews.com կայքը՝ Լոս Անջելեսի ոստիկանության ղեկավար Չառլի Բեքին հղումով, 22-ամյա երիտասարդը սպանվելու օրը՝ առավոտյան, զանգահարել է 911 ծառայություն՝ հայտնելով, որ զինված է ատրճանակով ու դանակով և մտադիր է ինքնասպանություն գործել:
Այնուհետև ոստիկանները դեպքի վայր են ժամանել, որտեղ Նազարյանսը դիմադրություն է ցույց տվել:
Բեքը մանրամասնել է, որ դա Նազարյանսի ու իրավապահների առաջին հանդիպումը չէր: Նրանք անունով ճանաչում էին երիտասարդին ու գիտեին, որ նա հոգեկան խնդիրներ ունի:
«Նրանք փորձել են հանգստացնել նրան. երիտասարդը զինված էր 50 սմ երկարությամբ մետաղյա ձողով»,-պատմել է Բեքը:
Ոստիկանապետի խոսքով՝ իրավապահները սպանել են Նազարյանսին, քանի որ նա փորձում էր հարձակվել օրենքի ներկայացուցիչների վրա՝ վտանգ ստեղծելով նրանց կյանքի համար:
Հայտնի է, որ ոստիկանները ձայնագրել են կատարվածը: