Աղուհացը և ստամոքսահյութի արտադրությունը
ՀասարակությունShame.am-ը գրում է․
Երբ ժամանակին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատեցին ու հետո նորից նշանակեցին, նրան մարզի սահմանների մոտ տեղացիները դիմավորեցին աղուհացով և երաժշտությամբ: Ճիշտ նույն պատկերը կրկնվեց այսօր: Միայն մարզպետն էր ուրիշ՝ Վահե Հակոբյանը, իսկ դիմավորող կազմը գրեթե անփոփոխ էր: Եվ հավանաբար Սյունիքի ամենալուրջ խնդիրների ու մարզում տիրող հոգեբանական իրավիճակի մասին խոսելիս ճիշտ կլինի սկսել հենց այս կետից՝ երևույթի կրկնության մեջ տեսնելով մարդկային նկարագրի այնպիսի գծեր, որոնց առկայության պայմաններում նույնիսկ երկնքից իջած Աստվածը Սյունիքը լավը դարձնել չի կարող:
Ու չնայած այդ ամենին, Կապան մեկնած ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այնտեղ հայտարարեցին, որ Սյունիքը պետք է դառնա Հայաստանի մարզերի ավանգարդը, և դրանով է հենց պայմանավորված, որ փոփոխությունը տեղի է ունենում Սյունիքում:
Սա արդեն նշանակում է Սուրիկ Խաչատրյանի կառավարման շրջանի մահախոսականը, թեև նրա «կենդանության» օրոք բոլորովին այլ գնահատականներ էին հնչեցվում: Բայց քանի որ կա Հակոբյանի ինքնահաստատման ու կայացման պրոբլեմը, նպատակահարմար է արժեզրկել նախորդին, ինչը թեև հեռու չէ ճշմարտությունից, սակայն արժեք չունի, քանի որ զրկված է անկեղծությունից ու անաչառությունից:
Գալով աղուհացին, պիտի ասենք, որ սյունեցիները դա հեշտ չեն մարսելու, որովհետև դեռ նոր տեղ հասած մարզպետին արդեն պարտավորեցրել են անմիջապես իրականացնել համայնքային բյուջեների հստակեցում ու դրանց ծախսատարության կրճատում: Իսկ սա միշտ նշանակել է միևնույն բանը՝ խեղճերը կտուժեն, ուժեղներին ոչինչ չի պատահի: