Երևանի երկաթուղային կայարանի՝ 27 կյանք խլած զինված ընդհարումը /բացառիկ տեսանյութ/
Հասարակություն1990 թվականի մայիսի 27-ին, Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցավ զինված ընդհարում՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների միջև, որի արդյունքում զոհվեցին 27 մարտիկ և խաղաղ բնակիչներ։
Դեպքերը սկսվեցին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի սպասասրահում՝ առավոտյան ժամը 8։30-ին։ Չպարզված պայմաններում սկսվեց փոխհրաձգություն հայկական ազատամարտիկերի և խորհրդային զինվորականների միջև։ Արդյունքում խորհրդային զինուժի արձակած գնդակներից զոհվեց 6 ազատամարտիկ։ Ավելի ուշ մարտերը շարունակվեցին Երևան-Նուբարաշեն խճուղում, երբ խորհրդային 7-րդ բանակի զրահատեխնիկան մտնում էր Երևան, իսկ հայ ինքնապաշտպանական ուժերը փորձում էին նրանց կանգնեցնել։ Այստեղ սպանվեցին ավելի քան երկու տասնյակ ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ։ Խորհրդային 7-րդ բանակի հրամանատար Միխայիլ Սուրկովի հետ վարած բանակցությունների արդյունքում հաջողվեց համոզել, որ զորքերը ետ քաշվեն։ Չնայած զինված գործողությունները դադարեցնելուն, խորհրդային բանակը մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Երևանի Ազատության հրապարակը։