Քրեական գործ է հարուցել՝ Աստորիի սպանության կասկածով
ՍպորտԻտալիայի Ուդինե քաղաքի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի ոչ դիտավորյալ սպանության կասկածով, հաղորդում է Football Italia-ն: 31-ամյա ֆուտբոլիստին մահացած էին գտել «Ուդինեզեի» դեմ հանդիպումից առաջ հյուրանոցի համարում:
«Մենք քրեական գործ ենք հարուցել: Առայժմ կասկածյալներ չկան: Դիահերձումից հետո ավելի հստակ կլինեն մեր հետագա գործողությունները»,- ասել է Ուդինեի դատախազ Անտոնիո Դե Նիկոլոն:
«Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ Ենթադրվում է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։
Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։
Դեպքի պատճառով հետաձգվել էին Իտալիայի առաջնությունում մարտի 4-ին նախատեսված բոլոր խաղերը։