Դատի ժամանակ ոստիկանը գնդակահարել է մեղադրյալին․ տեսանյութ
ԱշխարհՀամացանցում են հայտնվել ԱՄՆ Յուտա նահանգում տեղի ունեցած դատական լսումներից մեկի ժամանակ սպանության սարսափելի դեպքի կադրերը, որոնցում երևում է՝ ինչպես է Crips փողոցային խմբավորման անդամ մեղադրյալը հարձակվում վկաներից մեկի վրա։ Նրա այս քայլին հետևում է անվտանգության աշխատակցի կրակոցը, ինչի հետևանքով մեղադրյալը մահացել է:
Ինչպես գրում է life.ru-ն, 25-ամյա Սիալե Անգիլաուն փորձել է վնասել վկաներից մեկին՝ գրչով հարձակվելով նրա վրա: Բարեբախտաբար, վկան հաջողացրել է խուսափել նրա հարվածից: Փոխարենը՝ ոստիկանի արձակած 4 փամփուշտները վերջ են դրել մեղադրյալի կյանքին:
Տեսանյութում լսվում է, թե ինչպես են դահլիճում ներկա գտնվող մարդիկ բղավում «Կա՛նգ առ, կա՛նգ առ», սակայն Սիալեն, միևնույն է, վազում է վկայի ուղղությամբ:
Մահացածի ընտանիքի փաստաբանը կարծում է, որ ոստիկանը խուճապի է մատնվել և կարող էր խուսափել բռնության գործադրումից:
Նրա խոսքով՝ մեղադրյալն արդեն գետնին էր, երբ հնչել է ևս երեք կրակոց: Բացի այդ, փաստաբանը նշում է, որ դահլիճը լի էր ոստիկաններով, որոնք կարող էին վնասազերծել Սիալեին, որի ձեռքում ընդամենը գրիչ է եղել։
Սիալե Անգիլաուն դատարանի առաջ կանգնած հանցավոր խմբավորման 17 անդամներից մեկն էր: Նրանք մեղադրվում էին հարձակման իրականացման, կողոպուտի և զենքի կիրառմամբ մի շարք հանցագործությունների իրականացման համար: Սիալեն գործի շրջանակում վերջին մեղադրյալն էր, նրա մյուս հանցակիցներն արդեն դատապարտվել են 10-30 տարվա ազատազրկման: