Որն էր Հոքինգի վերջին նախազգուշացումը՝ ուղղված մարդկությանը
ԱշխարհԵթե մարդկությունն ուզում է ողջ մնալ, ապա առաջիկա 200 տարվա ընթացքում պետք է լքի Երկիրը: Սա բրիտանացի հայտնի ֆիզիկոս, տիեզերաբան Սթիվեն Հոքինգի վերջին կանխատեսումն էր, գրում է The Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ անվանի գիտնականը կյանքից հեռացել է մարտի 14-ին:
Յոթանասունվեցամյա Հոքինգը հավատում էր, որ Երկրի վրա կյանքը կարող է անհետանալ երկնաքարի հետ բախման, այլմոլորակայինների ներխուժման ու արհեստական ինտելեկտի զարգացման ու իրենց հնարավորություններով մարդկանց գերազանցելու կարողության հետևանքով:
Բացի այդ, ֆիզիկոսը նախազգուշացնում էր, որ մարդկային ագրեսիան, բնակչության գերծանրաբեռնվածությունն ու կլիմայական փոփոխությունները մարդկանց կարող են տանել դեպի ինքնաոչնչացում:
Հոքինգը գտնում էր, որ եթե մարդկային ցեղն ուզում է գոյատևել, ապա պետք է նոր կյանք սկսի տիեզերքում:
Հիշեցնենք, որ պրոֆեսորը, որի գաղափարների շնորհիվ ձևավորվել է ժամանակակից տիեզերաբանությունն ու ընկալելի դարձել բազմամիլիոնանոց ոչ մասնագիտական լսարանի համար, մահացել է իր տանը՝ հարազատներով շրջապատված:
Հայտնի է, որ Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նրա մոտ ախտորոշվել էր 21 տարեկանում: Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել։