Հարարեում ալբինոսների գեղեցկության մրցույթ է անցկացվել․ լուսանկարներ
ԱշխարհԱֆրիկա մայրցամաքի տարածքում արդեն երկրորդ անգամ անց է կացվել ալբինոսների գեղեցկության մրցույթ: Առաջին անգամ այն անց է կացվել Քենիայում, երկրորդ անգամ՝ Զիմբաբվեում:
Մրցույթի եզրափակիչը կազմակերպվել է մայրաքաղաք Հարարեում: Գիշերային ակումբներից մեկում «Միսս ալբինոս» տիտղոսի համար պայքարել է 12 մասնակից, հաղթող է ճանաչվել 22-ամյա Սիգեմբիսսո Մուտուկուրան:
Նա պատմել է, որ ալբինոս մարդիկ աֆրիկյան սոցիումում մեծ խնդիրների առջև են կանգնում, իսկ այս մրցույթը հնարավորություն է տալիս ապացուցելու, որ ալբինոսներն էլ կարող են լինել գեղեցիկ ու հաջողակ:
Աֆրիկայում լինել ալբինոս նշանակում է լինել սպիտակ ագռավ՝ հալածվելով անվերջ ծաղրուծանակից: Սակայն ամենասարսափելին այն է, որ տեղաբնակներից շատ շատերը հավատում են, որ այս մարդիկ կարող են հաջողություն բերել, եթե կախարդը թուրմ եփի նրանց մարմնամասերից: Այս պատճառով Աֆրիկայում սպանվում է ալբինոսների մեծ մասն, իսկ շատ շատերը զրկվում են իրենց վերջույթներից: Շատ ընտանիքներ իրենք են վաճառում մելանինի պակասից տառապող իրենց հարազատին՝ դատապարտելով նրան անխուսափելի ու դաժան մահվան: